Սիրտ-թոքային վերակենդանացումը կլինիկական և կենսաբանական մահվան սահմանային վիճակից օրգանիզմը դուրս բերելու միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շնչառության և արյան շրջանառության վերականգման նպատակին ուղղված հատուկ գործողություններով։ Այդ գործողությունները ընդունված է իրականացնել ABC հիմնական փուլերով, որտեղ՝

A-airway open (շնչուղիների բացում),

B — breathing (արհեստական շնչառություն),

C — circulation, chest compression (արյան շրջանառության վերականգնում, կրծքավանդակի սեղմումներ, այսինքն՝ սրտի անուղղակի` փակ մերսում)։

Այսպիսով, սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը կամ սիրտ-թոքային վերակենդանացումը կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթներով առաջին հերթին դեպի ուղեղ՝ կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը ապահովելու նպատակով։ Ուստի ուղեղի անդարձելի մահը կանխելու համար պետք է որքան հնարավոր է վաղ սկսել վերակենդանացման գործողությունները, իսկ դրա համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է կարողանա ախտորոշել սրտի կանգը և անհապաղ սկսի ՍԹՎ-ն։ Անհրաժեշտ է նշել, որ վերակենդանացումը ցուցված է հանկարծամահության բոլոր դեպքերում, և երկարատև ու անբուժելի հիվանդությունների պայմաններում դրանից արդյունք չպետք է ակնկալել։

Վերակենդանացման հակացուցումներն են հետևյալ իրավիճակները.

• Մահը վրա է հասել երկարատև և անբուժելի համարվող հիվանդությունների կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների և արատների արդյունքում։
• Եթե ճշգրիտ հայտնի է, որ սրտի կանգից անցել է ավելի քան 25 րոպե։
• Եթե տուժածը կենդանության օրոք ՍԹՎ-ից հրաժարվելու վավերացված փաստաթուղթ է ստորագրել։

Սիրտթոքայինվերակենդանացմանհիմնականմիջոցառումները

Տուժածը պետք է մեջքի վրա պառկած լինի կոշտ և հարթ տեղում, իսկ փրկարարը պետք է կանգնի կամ ծնկի նրա կողքին։
Շնչուղիների անցանելիությունը ապահովելուց և շնչառության բացակայությունը հաստատելուց հետո պետք է ահազանգել, կատարել 2 ստուգիչ ներփչում և գնահատել կրծքավանդակի բարձրացումը և իջեցումը տուժածի պասիվ ներշնչման և արտաշնչման ժամանակ, որից հետո ստուգել անոթազարկը (ոչ մասնագետի համար վերջին գործողությունները պարտադիր չեն) և սկսել սրտի անուղղակի մերսումը:

Դրահամար

ա) ճիշտ դիրքում դնել ձեռքերը՝ կրծքավանդակը սեղմելու համար,

• Մի ձեռքի ափը դրվում է կրծքավանդակի կենտրոնում՝ միջպտկային գծով կամ կրծոսկրի թրաձև ելունից 2-3 մատ վերև, մյուս ձեռքը դրվում է առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակից, վերևի ձեռքի մատները ծալել՝ բռնելով ներքևի դաստակը (կարելի է նաև ուղղակի հենվել սեղմող ձեռքին)։

• Ձեռքերը ուղիղ պահել արմնկային հոդերում՝ տուժածի իրանին ուղղահայաց,

• Սեղմումները կատարել ոչ միայն ձեռքերի մկանների ուժով, այլ աշխատել նաև իրանով։

• Սեղմումների միջև թուլացնել ձեռքերը՝ թողնելով, որ կրծքավանդակը ընդունի իր նախկին դիրքը, բայց ձեռքերը չկտրել կրծքավանդակից։

• Սեղմումները կատարել այնպես, որ առաջանա կրծքավանդակի նկատելի իջեցում մոտ 4-5 սմ-ով, որպեսզի սիրտը սեղմվի երկու ոսկրերի՝ ողնաշարի և կրծոսկրի միջև:

• Կատարել 30 սեղմում 23 վայրկյանի ընթացքում (մեկ րոպեում մոտ 100 սեղմում)՝ բարձրաձայն հաշվելով, սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ, վերից վար:

բ) կատարել 2 ներփչում (խորը ներփչում չկատարել) յուրաքանչյուրը 1 վայրկյան տևողությամբ։ Եթե աոաջին ներփչումից կրծքավանդակը չի բարձրացում, կզակը վեր բարձրացնելով՝ գլխի դիրքը վերստուգել։

գ) Կատարել նման 5 ցիկլ (30 սեղմում, 2 ներփչում) և անոթազարկի կրկնակի վերստուգում։

Այդ գործողությունները կատարել այնքան ժամանակ, մինչև տուժածը կա՛մ սկսի ինքնուրույն շնչել, կա՛մ ձեզ փոխարինի մասնագետը, կա՛մ էլ այլևս ի վիճակի չլինեք շարունակելու։ Պետք է դադարեցնել նաև այն դեպքում, եթե տարածքը դառնա վտանգավոր ձեզ համար:

Վերակենդանացման գործողությունները կարելի է կատարել երկրորդ փրկարարի օգնությամբ:

Սրտի անուղղակի մերսումը պահանջում է Ֆիզիկական դիմացկունություն, և ցանկալի է, որ մի քանի րոպեն մեկ մերսում իրականացնողը փոխարինվի։ Դա պետք է կատարվի արագ, որպեսզի չխանգարվի սեղմումների ռիթմը։
Եթե վերականգնվում է սրտի աշխատանքը, միևնույն է. տուժածին մենակ չպետք է թողնել, քանի որ ցանկացած պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ