Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն պետք է զննել :
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգում ենք տուժածի գիտակցությունը: Խոսում նրա հետ, պարզ հարցեր եւ հրահանգներ տալիս . «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա անգիտակից:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…


Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը: